![]() |
|
|||||||||
Մեր մասին |
|
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԻ, ԱՅԼԵՎ ՏԵՍԱՆԵԼԻ ԼԻՆԻ
«Դատաժամ» հաղորդաշարը հիմնված է ոչ թե հորինված, այլ իրական դատավարությունների վրա։ Հաղորդումների ընթացքում ցուցադրվում են հատվածներ կայացած քրեական, քաղաքացիական և վարչական դատավարություններից, ինչպես նաև տեղի են ունենում քննարկումներ, կարծիքների փոխանակում, հրավիրվում են փաստաբաններ, դատավորներ, իրավունքի, բժշկության, հոգեբանության, սոցիոլոգիայի և այլ բնագավառներում հեղինակություն վայելող մասնագետներ, փորձագետներ, ովքեր պատասխանում են շատերին հուզող հարցերին։ Հաղորդաշարի ընթացքում փորձ է արվում բացահայտել նաև հանցագործության պատճառները՝ դրանով սևեռելով հասարակական ուշադրությունը՝ հանուն դրանց վերացման։ Ինչպիսի՞ն են դրանք` սոցիալակա՞ն բնույթի, հոգեբանակա՞ն դրդապատճառներ են, թե՞ հանցագործություն կատարողը ժառանգականորեն հակված է նման արարքների, և ինչպիսի՞ միջոցներ կարելի է ձեռնարկել՝ կանխարգելելու հանցագործությունները։ Դրանով իսկ հաղորդաշարը ձեռք է բերում ոչ միայն տեղեկատվական, այլև դաստիարակչական և կանխարգելիչ նշանակություն։ «Դատաժամ» հաղորդաշարը նպատակ է հետապնդում ներկայացնել հանրային հետաքրքրություն ունեցող և հանրության համար իրավունքների իրացման տեսանկյունից առավել հետաքրքրաշարժ դատական գործընթացները, ավելի թափանցիկ ու տեսանելի դարձնել մեր երկրի իրավական դաշտը, ծանոթացնել մարդկանց իրենց դատավարական իրավունքներին ու պարտականություններին և դրա արդյունքում նրանց իրավական գիտելիքներ հաղորդել։ Հաղորդաշարի միջոցով հեռուստադիտողին հնարավորություն կտրվի հետևելու դատական նիստերի ընթացքում տեղի ունեցող զարգացումներին, գնահատելու կողմերի ունակությունները տարբեր իրավիճակներում հիմնավորելու իրենց դիրքորոշումները, ապացուցելու ներկայացված պահանջների արդարացիությունը։ Հաղորդումների ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում նաև դատական համակարգում օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ներկայացմանը։ «Լուրեր դատարանից» հատվածում հակիրճ ներկայացվում են մեր երկրի դատական համակարգում տեղի ունեցող իրադարձությունները։ Հաղորդաշարի պատրաստման ընթացքում փորձ է արվել հնարավորինս պարզ ու հասկանալի դարձնել մատուցվող իրավական նյութը (պահպանելով նաև դռնփակ դատական քննության պահանջները) և հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր հեռուստադիտողի իր աշխարհայացքի սահմաններում պատասխանել այն հարցին, թե ո՞րն է արդարադատության և գթասրտության սահմանագիծը և արդիական է արդյոք հռոմեացի իրավաբանների պնդումն այն մասին, որ «Օրենքը բարու և արդարության արվեստ է»։ Հայաստանի Հանրապետությանը Միջազգային զարգացման ընկերակցության կողմից տրամադրվել է վարկ, իսկ Ճապոնիայի կառավարության կողմից դրամաշնորհ՝ Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագիրն իրականացնելու նպատակով: Այդ միջոցների մի մասն ուղղվել է դատաիրավական հարցերով հեռուստաշարի պատրաստմանը: Հայաստանի Հանրապետության նշված պատվերն իրականացնում է «Ազդ» ՍՊԸ-ն: |